Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քաջնազարիզմը՝ ծայրահեղ հանդուրժողականության ծնունդ

Քաջնազարիզմը՝ ծայրահեղ հանդուրժողականության ծնունդ
14.12.2024 | 07:21

Ժողովուրդների հեքիաթները ոչ միայն արտահայտում են նրա մշակութային ինքնությունը, այլև ձևավորում են մի տեսակ հավաքական գիտակցություն, որտեղ դրվում են բարոյականության, արժեքների և հանրային իդեալների հիմքերը: Ժողովրդի ծոցից ելած հեքիաթային հերոսը, ըստ էության, հանրային դժբախտության դեմ և արդարության համար պայքարի խորհրդանիշ է՝ հաճախ արտացոլելով ժողովրդի մի ամբողջ դարաշրջանի ձգտումներն ու երազանքները:

Հատկանշական է, որ ամեն հեքիաթ չէ, որ կարող է մասսայական դառնալ ու դարեդար փոխանցվել: Դա կախված է նրանից, թե որքանով է այն հոգեհարազատ տվյալ ժողովրդին:

Հայկական բանահյուսության մեջ ժողովրդի ամենասիրված հերոսը Քաջ Նազարն է (պատահական չէ, որ այս կերպարին անդրադարձել են Գարեգին Սրվանձտյանը, Ստեփան Զորյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը և շատ շատերը): Ժողովուրդը սիրում է իր հերոսին, իր ծոցից ելածին, իր նմանին, որը կույր պատահականությունների շնորհիվ մեծ փառքի է հասնում, հարստություն է ձեռք բերում, մինչև անգամ թագավորական գահին է տիրանում, բայց նա, այնուամենայնիվ, չնչին մարդ է: Նա առաջին հայացքից պարզունակ թվացող, բայց և բազմիմաստ ու խորամանկ կերպար է: Նա սրամիտ է, բայց և հիմար, ստախոս է, միևնույն ժամանակ` միամիտ, կեղծավոր ու վախկոտ:

Այս կերպարի հանդեպ համաժողովրդական այս տարօրինակ սիրո և համակրանքի վերաբերյալ շատ դիպուկ է արտահայտվել հայ բանաստեղծ, դրամատուրգ Տիգրան Հախումյանը: Ըստ նրա. «Քաջնազարիզմը ծագում և զարգանում է այնտեղ, որտեղ մարդիկ ծայրահեղ հանդուրժողականություն են հանդես բերում դեպի անտաղանդությունը, ապաշնորհությունը, տգիտությունը, դեպի ամեն տեսակ ավանտյուրիստ և վիրավորական արհամարհանք ժողովրդի և մարդու վերաբերյալ: Քաջնազարիզմն, այսպիսով, հասունանում է բարեհոգի և անքննադատ մեծարանքի, արտաքին, երևութական արժանիքների առջև կուրորեն գլուխ խոնարհելու մթնոլորտում և դրա շնորհիվ»:

Այս հերոսը մեր ժողովրդին իդեալական է թվում, քանի որ շատ մոտ է շատերի երազանքին: Սակայն սա նաև տիպական է, քանի որ հանդես է գալիս որպես սոցիալական ու կենսական երևույթների ընդհանրացում: Եվ ամենազավեշտալին այն է, որ, ըստ Հովհաննես Թումանյանի. «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհի վրա»:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ